Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Իրավունք ունե՞մ արդյոք

Իրավունք ունե՞մ արդյոք
24.01.2014 | 00:09

Ես, որպես Հայաստանի Հանրապետության հասուն, լիիրավ քաղաքացի, որպես քիչ թե շատ ակտիվ հասարակական գործիչ, մարդ, ով առավոտից իրիկուն խոսում է երկրում առկա անարդարությունների, աղքատության և ընդհանրապես սոցիալական բազմաբնույթ խնդիրների մասին, կարծում եմ, իրավունք ունեմ ունենալու իմ ոչ միայն բացասական, այլև դրական կարծիքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության, որևէ չինովնիկի և, վերջապես, տարաբնույթ երևույթների մասին: Կարծում եմ, իրավունք ունեմ հազարավոր վատ երևույթներ բարձրաձայնելու հետ մեկտեղ նկատելու նաև «անտեսված» լավը: Եվ եթե ունեմ նման իրավունք, ապա ինչո՞ւ պետք է կաշկանդվեմ իմ դրական վերաբերմունքը որևէ գործչի կամ երևույթի նկատմամբ արտահայտելիս: Մինչդեռ, Հայաստանում, երբ որևէ լրագրող կամ վերլուծաբան այս կամ այն գործչի, քաղաքական ուժի մասին ինչ-որ լավ բան է ասում, թեկուզ օբյեկտիվ պատճառներով, ապա անմիջապես բոլորը նրան մեղադրում են ծախվածության, պատվեր կատարելու մեջ: Քաղաքակիրթ աշխարհում տրամագծորեն հակառակն է: Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ հիմնավորելու իմ դրական վերաբերմունքը ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Չեմ զլանա ևս մեկ անգամ դա անել, քանի որ, կարծես, Արթուր Բաղդասարյանի շատ ընդդիմախոսներ կա՛մ չհասկացան, կա՛մ ձևացրին, թե չեն հասկանում իմ հիմնավորումները: Աստված իրենց հետ։ Պետք է նաև նշեմ, որ ինքս բազմիցս քննադատել եմ թե՛ Արթուր Բաղդասարյանի, թե՛ նրա ղեկավարած ՕԵԿ-ի գործունեությամբ պայմանավորված որոշ երևույթներ: Լինելով քաղաքական գործիչ, Արթուր Բաղդասարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է թերություններ, բացթողումներ, սակայն կա կատարված վիթխարի աշխատանք, ինչը չնկատել և չխոսել դրա մասին նշանակում է կամ կույր լինել, կամ նախանձ (մեղմ ասած): Այդուհանդերձ, մեր երկրում Արթուր Բաղդասարյանի անունը չես կարող կապել, օրինակ, գանձագողության, մենաշնորհների, կոռուպցիայի, կրիմինալի և նմանատիպ արատավոր այլ երևույթների հետ, փոխարենը նրա անունը վստահաբար կարող ես կապել բազմաթիվ լավ ու ազգանպաստ գործերի հետ: Սա ապացուցել պետք չէ, փաստերն են խոսում դրանց մասին: Արթուր Բաղդասարյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի անունը հաճախ միայն հիշատակվում է մեր երկրում տեղի ունեցող բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ու բարեփոխումների գործընթացներում, որոնք միտված են բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը: Հասկանալի է նաև, որ «Օրինաց երկիրը» շատ բան չի էլ կարող անել, եթե հաշվի առնենք խորհրդարանում նրա պատգամավորների քանակը: Այդուհանդերձ, փաստերի համադրումից հասկանում ես, որ, թեկուզ քիչ պատգամավորներով, նրանք ամենաակտիվներից են Ազգային ժողովում: Դա են վկայում նաև մոնիթորինգ իրականացնող տարբեր կառույցներ: Ինչպես ասում են՝ փաստերն անհերքելի են, իրողությունը` անուրանալի: ԱԺ ՕԵԿ խմբակցության հեղինակությամբ կամ համահեղինակությամբ ընդունված և կյանքի կոչված շուրջ 250 օրենք կա, որոնց կիրարկման արդյունքում կարգավորվել և լուծվել են մի շարք խնդիրներ` ներգրավելով հասարակության տարբեր շերտեր, օրինակ, այսօր արդեն շուրջ 63000 մարդ ստացել է դեռևս խորհրդային տարիներից խնայդրամարկղերում ներդրված իրենց խնայողությունները: Սա լա՞վ է, թե՞ վատ: Արթուր Բաղդասարյանի շնորհիվ Հայաստանում ներդրվեց մրցակցային կրթության սկզբունքը, որ լավ սովորող երեխան ուսման վարձ չմուծի: Սա լա՞վ է, թե՞ վատ: Այսպես կարող եմ երկար թվարկել… Դե, իսկ Արթուր Բաղդասարյան պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ղեկավարվող պետական կառույցը` Ազգային անվտանգության խորհուրդը, իր գործունեության կարճ ժամանակահատվածում ապացուցեց ոչ միայն իր կարևոր դերն ու նշանակությունը երկրի կառավարման և անվտանգության ապահովման գործում, այլև օտար պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ոլորտում: Մինչ Բաղդասարյանի՝ ԱԱԽ քարտուղար նշանակվելը ո՞վ էր լսել այդ կառույցի գոյության մասին: Իմ ընթերցողները գիտեն, որ ես միշտ քննադատում եմ վատը, սխալը, արատավորը, սակայն երբեք չեմ զլանում տեսնել ու բարձրաձայնել լավը, դրականը, անկախ այն բանից, թե ում է դա վերաբերում։
Համոզված եմ, որ ամուր հայրենիք և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է նաև վատին վատ ասել, լավին` լավ։

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9819

Մեկնաբանություններ